«Ղարաբաղ Տելեկոմ»-ը մամուլում

Պարոն Օդաբաշյան, տարին մոտենում է ավարտին, եթե ամփոփելու լինեք, ի՞նչ է հաջողվել ընկերությանը, արդյո ՞ք տարին արդյունավետ է եղել ձեր գործունեության համար:

- Հակառակ անցնող տարում ծագած մի շարք խնդիրների՝ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ կարողացանք բավականին լուրջ ձեռքբերումներ ունենալ: Մասնավորապես, շարունակել ենք տեխնիկական վերազինման գործընթացը, որի շնորհիվ նաև ընդլայնել ենք համացանցի ծածկույթը և համացանց տրամադրել 18 նոր համայնքների: Այսօր արդեն կարող ենք փաստել, որ հանրապետության բնակչության շուրջ 97 տոկոսն օգտվում է ինտերնետ-կապից, ինչը, կարծում եմ, մեծ հաջողություն է: Այս առումով, հաջորդ կարևոր նորությունն այն էր, որ 2017թ.-ին, նախորդ տարվա համեմատ, շուրջ 14 տոկոսով աճել է համացանցից օգտվելու Ընկերությանը հայտ ներկայացրած տնտեսվարող սուբյեկտների թիվը: Դա լուրջ ցուցիչ է, որ տնտեսական ակտիվությունն Արցախում շարունակում է աճել:

Շարունակելով համացանցի թեման հարցս շատ ավելի կոնկրետ եմ ցանկանում ձևակերպել: Այսօր աշխարհում գրեթե բոլոր կապի օպերատորները բողոքում են, որ անվճար կապի պատճառով ֆինանսական մեծ կորուստներ են ունենում: Հետաքրքիր է, ի՞նչ պատկեր է Արցախում, տեխնիկապես ունե՞ք նման հնարավորություն այդ կորուստները չափելու կամ հաշվելու համար:

- Այո, անցյալ տարի ձեռք ենք բերել այդ տեխնիկական սարքը: Մինչև այդ նկատում էինք, որ որոշակի եկամուտի անկում կա, բայց չէինք կարողանում հստակ հաշվարկում կատարել: Իսկ դիտարկումների արդյունքներն ուղղակի ցնցող են, քանի որ անվճար ծառայաթյունների (Viber, WhatsApp, Messenger, Skype և այլն) միջոցով հեռախոսազանգերի ծավալը Արցախում աննախադեպ կերպով աճում է: Մասնավորապես, եթե օրինակ 2017թ.-ի հունվար ամսին «Ղարաբաղ Տելեկոմ»-ն այդ զանգերի պատճառով կորցրել է մոտ 40 միլիոն դրամ, ապա միայն նոյեմբեր ամսում այդ թիվը կազմել է ավելի քան 100 միլիոն: Եվ մեր կանխատեսումներով, այս միտումը գնալով շարունակվելու է, քանի որ սրանից մի քանի տարի առաջ 3G՝ երրորդ սերնդի ցանցով մարդիկ այդքան էլ հետաքրքրված չէին: Իսկ այսօր շարժական համացանց օգտագործող բաժանորդների թիվն անընդհատ աճում է: Մի կողմից, սա, իհարկե, բնական գործընթաց է, և հասարակության համար շատ օգտակար, քանի որ եթե 10-15 տարի առաջ բջջային կապն աշխարհում միակն էր, ապա այսօր համացանցի միջոցով կարելի է և՛ լսել, և՛ տեսնել, և՛ կարդալ, և՛ խնայել: Բայց, մյուս կողմից, պետք է նշեմ, որ «Ղարաբաղ Տելեկոմ»-ի եկամուտի համար դա լուրջ սպառնալիք է: Արտասահմանում և Հայաստանում այս երևույթի դեմ փոխհատուցման տարբեր ձևեր գոյություն ունեն, քանի որ բազմամիլիոնանոց բաժանորդների առկայության պարագայում հնարավոր է գտնել այլ միջոցներ չսնանկանալու համար, բայց մեր պարագայում այն լուրջ խորհելու տեղիք է տալիս: Մեր շուկան փոքր է: Խնդիրը մեղմելու համար մտածում ենք մեր բաժանորդներին մատուցվող ծառայությունների դիմաց ավելի գրավիչ պայմաններ առաջարկելու մասին:

- Սակագների իջեցմա՞ն մասին է խոսքը:

- Բնականաբար նաև սակագների, բայց ոչ միայն: Ընդհանրապես, սակագների իջեցումը միայն մեզանով չէ պայմանավորված, քանի որ կապը մենք գնում ենք ՀՀ-ից, բացի այդ աշխատում ենք արտասահմանյան ընկերությունների հետ, և կախված մեզ վաճառվող կապի, միջազգային զանգերի սակագների նվազեցումներից, ինչպես նաև դոլլար-դրամ փոխարժեքային տատանումներից և այլ ծախսերից, մենք ստիպված ենք լինում իրականացնել համապատասխան սակագնային քաղաքականություն: Հնարավորության դեպքում, մենք մշտապես վերանայում ենք մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագները, ինչպես, օրինակ, արեցինք անցնող տարվա սկզբին: Իսկ առհասարակ խոսքը վերաբերում է նաև ընկերության կողմից բաժանորդներին պարբերաբար առաջարկվող տարբեր սակագնային փաթեթներին:

Պարոն Օդաբաշյան, անդրադառնանք նաև ընկերության կողմից առաջարկվող Ձեր կողմից նշված սակագնային փաթեթներին: Նախ, կասե՞ք, թե որքանով են մեր համաքաղաքացիներն օգտվում այդ ակցիաներից, և կբացատրե՞ք, թե ինչու հետվճարային բաժանորդների համար ևս այդ հնարավորությունները չեն գործում:

- Անկեղծ ասած, մեր բաժանորդների շատ քիչ մասն է օգտագործում այդ փաթեթները, ինչը մեր դիտարկմամբ պայմանավորված է ավելի շատ մեր գովազդային ջանքերի արդյունավետության պակասով: Այլապես այլ բացատրություն չկա, քանի որ այդ ակցիաների իմաստը խնայողությունն է: Ինչ վերաբերում է հետվճարային բաժանորդներին նույն ակցիաների մեջ չընդգրկելուն, ասեմ, որ տեխնիկապես դա հնարավոր չէ, քանի որ հետվճարային և կանխավճարային հեռախոսահամարներին սպասարկող ծրագրերը տարբեր պլատֆորմների վրա են և իրար հետ կապ չունեն: Դրա համար է, որ երբ մարդ իր հեռախոսահամարը ցանկանում է փոխել կանխավճարայինից հետվճարային կամ՝ հակառակը, հաճախ չի ստացվում: Ամեն դեպքում, հետվճարային բաժանորդների համար առանձին ծրագրեր նախատեսում ենք:

- Այս տարի ֆինանսների նախարարության կողմից Ձեր ղեկավարած ընկերությունը, որպես բարեխիղճ հարկատու հավաստագիր ստացավ: Հետաքրքիր է Դուք գո՞հ եք Արցախում վարվող հարկային քաղաքականությունից: Կան արդյո՞ք խնդիրներ:

-Բիզնեսի համար Արցախում շատ լավ հարկային դաշտ է ձևավորված, և շատ հաճելի է, որ հարկային մարմինը փորձում է նաև տարբեր ձևերով խրախուսել գործարարներին: Ինչ վերաբերում է խնդիրներին, այո, կան, որոնց մասին կցանկանայի բարձրաձայնել, բայց դրանք հարկային մարմնի հետ չեն կապված: Խոսքը վերաբերում է ՀՀ սահմանին մոտ գտնվող Արցախի համայնքների այն բնակիչներին, ովքեր, լինելով մեր ընկերության պոտենցիալ բաժանորդներ, օգտվում են հայաստանյան օպերատորների ծառայություններից: Ես չեմ ուզում նորից խոսել ռոմինգի չարկչրկված թեմայից, քանի որ աշխարհում կապի բոլոր օպերատորներին տրվող հավաստագրերում հստակ նշվում են նրանց գործունեության աշխարհագրական սահմանները: Որպես դրա լավագույն օրինակ՝ ՀՀ-ում գործող բոլոր օպերատորների բաժանորդները իրար հետ նույն հանրապետության մեջ խոսում են՝ օգտվելով ռոմինգ ծառայությունից: Ես կարծում եմ՝ վերը նշածս խնդիրը ՀՀ կապի օպերատորների կողմից խախտում է մեր ընկերությանը տրված հավաստագրի նշածս դրույթը և այն կարգավորման անհրաժեշտություն ունի:

- Շուտով Ամանորի տոներն են, ի՞նչ կմաղթեիք ձեր բաժանորդներին այդ կապակցությամբ:

- Առաջին հերթին մաղթում եմ, որ 2018թ.-ը մեր հանրապետությունում շարունակի տևել լիարժեք խաղաղություն: Սա բոլորիս համար ամենակարևորն է: Անհատական առումով ցանկանում եմ մեր հայ ժողովրդին առողջություն, ընտանեկան խաղաղություն և ֆինանսական նորանոր հաջողություններ: Մեր սփյուռքահայ քույրերին և եղբայրներին ցանկանում եմ, որ հայրենադարձվեն և մշտապես ապրեն մեր հայրենիքում:

 

17:44 27/12/2017